ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայտարարվում է մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով

08.05.2025

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ։

Մրցույթին հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները Կոմիտեի orgs.hesc.am համակարգով։

Հայտը ներկայացնում է այն Կազմակերպությունը, որտեղ գիտական սարքը/սարքավորումը տեղակայվելու է։

Մրցույթի դեպքում գնման գործընթացը կազմակերպելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այնուհետև դրանք տրամադրելու է հայտատու կազմակերպությանը: Համաֆինանսավորում չի նախատեսվում։

Հայտի ընդհանուր գումարը պետք է կազմի առնվազն 20 միլիոն դրամ, իսկ հայտում ներառված յուրաքանչյուր սարքի/սարքավորման արժեքը պետք է կազմի առնվազն 5 միլիոն դրամ։

Միաժամանակ, հարկ է նշել, որ հայտով ներկայացվող յուրաքանչյուր սարքի/սարքավորման համար անհրաժեշտ է կցել երեք գնառաջարկ, իսկ դրա անհնարինության դեպքում, երկու կամ մեկ գնառաջարկ ներկայացնելիս, անհրաժեշտ է լրացուցիչ մանրամասն հիմնավորում:

Հայտերը գնահատելու նպատակով ստեղծվելիք մրցութային (գնահատող) հանձնաժողովը սահմանում է հայցվող ընդհանուր գումարի չափ, որից ավելի գումարի դեպքում սարքերի/սարքավորումների շահագործման պատասխանատուների հետ անցկացնում է հարցազրույց։

Վերջնաժամկետը 2025 թվականի հունիսի 20-ն է:

Կազմակերպության ներկայացուցիչը մինչև 2025թ․ հունիսի 27-ը ներառյալ մեկ ընդհանուր փաթեթով, Կազմակերպության ղեկավարի պաշտոնական գրությամբ Կոմիտե (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) է ներկայացնում  Կազմակերպության կողմից տրված բոլոր հայտերի ստորագրված և կնքված թղթային տարբերակների փաթեթները` առձեռն:

Մրցույթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության հետազոտական ծրագրերի բաժնից՝ զանգահարելով 010-300-109 (*710, կամ տեխնիկական հարցերով՝ 910):

Մրցույթի հրավերի փաթեթը