ԵՄ COST ծրագրին ՀՀ հետազոտողների մասնակցության խթանմանը նվիրված հանդիպում ԲԿԳԿ-ում










Ապրիլի 16-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության ասոցիացիայի (COST Association) փոխնախագահ պրոֆ․ Զորան Պոպովսկին քննարկեցին COST գործողություններում հայաստանյան գիտնականների և նորարարական ընկերությունների մասնակցության խթանման հնարավորությունները։
Հանդիպմանը ներկա էր նաև «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» (ԳՆԳԱԿ) հիմնադրամի տնօրեն Տիգրան Արզումանյանը, որը միաժամանակ COST ասոցիացիայի ազգային համակարգողն է։
Ինչպես քննարկման ընթացքում նշեց Զորան Պոպովսկին, COST ծրագրի շուրջ 300 գործողություններից յուրաքանչյուրում ընդգրկված է միջինում 200 հետազոտող՝ ընդհանուր առմամբ հասնելով շուրջ 60000-ի։ Այնուամենայնիվ, ներկայումս 300 գործողություններին հայաստանյան հետազոտողների մասնակցությունը կազմում է 30 տոկոս։
ԲԿԳԿ նախագահն ընդգծեց COST ծրագրին հայաստանյան մասնակցության ընդլայնման կարևորությունը՝ ընդգծելով, որ դա թույլ կտա հետազոտողներին գիտելիքներ փոխանակել և նոր համագործակցային կապեր հաստատել միջազգային գիտական համայնքի հետ՝ հնարավորություն տալով նաև հետագայում ավելի մրցակցային նախագծեր ներկայացնել ԵՄ հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին։
Այս համատեքստում, Հայոցյանն և Պոպովսկին քննարկել են COST գործողություններին մասնակցության խթանման նպատակով հնարավոր ներպետական միջոցառումների նախաձեռնման հնարավորությունը։ Պոպովսկին ներկայացրեց որոշ երկրներում մասնակցության խթանման ուղղված միջոցառումների մի շարք օրինակներ, որոնք կարող են օգտակար լինել նաև ՀՀ ներպետական միջոցառումների մշակման համար:
Հիշեցնենք, որ ԵՄ կողմից աջակցվող COST ծրագիրը ֆինանսավորում է տրամադրում 41 անդամ երկրների և այլ գործընկեր պետությունների միջառարկայական գիտահետազոտական և նորարարական ցանցերին՝ COST գործողությունների շրջանակներում։ Վերջիններս միավորում են գիտնականներին և նորարարներին տարբեր ոլորտներից՝ 4 տարվա ընթացքում նախանշված թեմայի շուրջ համագործակցելու նպատակով: COST գործողությունները բաց են գիտության և տեխնոլոգիաների բոլոր ոլորտների համար և խրախուսում են գիտական, ՓՄՁ-ների, պետական հաստատությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների գիտնականների մասնակցությունը։
Հարկ է նշել նաև, որ 2025թ. ապրիլի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ԳՆԳԱԿ հիմնադրամի, COST Ասոցիացիայի և ԳԱԱ Միջազգային կապերի վարչության համագործակցության կողմից համատեղ կազմակերպված առաջին Ազգային տեղեկատվական օրը՝ նվիրված Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST) ծրագրին։
Տեղեկատվական օրվա ընթացքում ներկայացվեցին COST ծրագրի հիմնական դրույթները, ծրագրի շրջանակներում առկա գիտական կապերի հաստատման և ֆինանսավորման հնարավորությունները, հայտերի ներկայացման ընթացակարգը և COST գործողություններին մասնակցության առավելությունները։ Միջոցառմանը զեկուցումներով հանդես եկան COST ասոցիացիայի ներկայացուցիչները և COST գործողությունների ՀՀ շահառուները: